Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, դիտարկելով ՎՊ-ի հաշվետվության շուրջ ծավալված իրադարձությունները և նախագահի վերջին խոհրդակցությունը, կարծում է, որ Հայաստանում պալատական հեղաշրջում էր նախատեսվում: «Հայաստանն անկանխատեսելի երկիր է, ու դժվար է ենթադրել` ինչ կհետևի այդ խորհրդակցությանը: Բայց կարծում եմ, նախագահը հասկացել է, որ երկրում սպասվում էր պալատական հեղաշրջում: Սա հաշվի առնելով նա համապատասխան քայլեր կանի: Մանավանդ նախագահի բացակայության պայմաններում տեղի ունեցածը լիովին տեղավորվում է պալատական հեղաշրջման մեջ: Ճանաչելով Սերժ Սարգսյանին, ես երբևէ նման ջղայնացած ու անկեղծ ելույթ չեմ տեսել»,-փաստեց քաղաքագետը` հավելելով, որ եթե շատերն այս ամենը համարում էին «թատերական ներկայացում», ինքը հակառակն է տեսնում, դա «անակնկալ» էր: «Որ Հայաստանը կոռումպացված երկիր է՝ բոլորս վաղուց գիտենք, բայց որ նախագահի բացակայության պայմաններում ինչ-որ բացահայտումներ են լինում ու հայտարարություններ արվում, մեզ պես երկրի համար անակնկալ է»,-հավաստիացրեց Սուրենյանցը, իսկ թե որ ուժերին է տեսնում «հեղաշրջման» հետևում, ասաց. «Հայաստանում ընդդիմությունը ոչինչ երբեք չի որոշում: Եթե Հայաստանում ինչ-որ բան է տեղի ունենալու, իշխանության ներսում է լինելու»:
Հարցին տեղեկությո՞ւն ունեք, թե՞ Ձեր տպավորությունն է, որ պալատական հեղաշրջում էր նախապատրաստվում, Սուրենյանցը վստահեցրեց. «Ես երբեք իմ քաղաքական կանխատեսումները միայն տեսության վրա չեմ հենում»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ